BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ջուր ու դաշինք

Ջուր ու դաշինք
31.01.2017 | 00:58

Թեև ԱԺ ընտրությունների օրը հստակ չէ՝ ապրիլի 1-11-ի շրջագծում դեռ լողում է, հունվարի 26-ից սկսեցին բուռն ու պղտոր ջրեր հոսել քաղաքական դաշտում: Սկիզբը ՀՀ ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ խորհրդի նիստի ելույթը չէր: Շատ ավելի վաղ էր, քան երկրում սկսել էին «տեխնոլոգիական ջրեր» հոսել, ու ընդհանրապես այդ ջրերը հոսեցին, որովհետև տարածքում երաշտ էր: Երաշտ էր, որովհետև ջուրը կտրել էին: Ջուրը կտրել էին, որովհետև տարածքում խնդիրներ ունեին: Խնդիրներ ունեին, որովհետև հավակնության ու հնարավորության հակասություն կար: Հակասություն կար, որովհետև խոսքը՝ խոսք, բայց գործն է հարց լուծում: Իսկ գործը գործ է արդյունքով: Արդյունքը այլևս չէր բավարարում:


ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս եկավ: Պատճառները լավագույնս գիտի ինքը, հրապարակային պատճառը՝ այլևս չստացավ, ինչ իր կարծիքով իրենն էր, ու հեռացավ: Ոմանց թվաց, որ հետը տանելու է ՀՀԿ-ից իր թևը, ու կանխատեսեցին, որ իբրև նախկինում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ ու ընտրակեղծարարության գրոսմայստեր՝ Հովիկ Աբրահամյանը այլ խաղ է խաղալու՝ այս անգամ ՀՀԿ-ի դեմ, ու օգտագործելու է իր ռեսուրսը: Բայց վարչական ռեսուրսը ոչ թե Հովիկ Աբրահամյանինն է, այլ ՀՀԿ շտաբի պետինը, ու շտաբի պետն է տնօրինում: ՀՀԿ-ն կորուստ չունի: Փոխարենը Հովիկ Աբրահամյանը պատիժ կլինի նրանց, ովքեր դաշնակից կընդունեն: Նրա քաղաքական կապիտալը լավագույն օժիտը չէ ոչ մի դաշինքի համար, որ իր խնդիրները թողած՝ պիտի հիմնավորի նախկին երդվյալ ՀՀԿ-ականի շրջադարձի պատճառն ու ներկայության իմաստը:
Իսկ ընդհանրապես գլխավորը ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀԿ նախագահի անանուն ու թափանցիկ ակնարկը չէր Հովիկ Աբրահամյանի հասցեին: Դա հրաժեշտի գազել էր նախկին ենթակային՝ պոետիկ սպառնալիք: Գլխավորը հրահանգն էր նրանց, ովքեր ՀՀԿ-ում են, վերջին նախազգուշացում: Հիշեցումը, որ «առաջատար քաղաքական ուժի» անդամ լինելը «ոչ թե արտոնություն է», ակնկալիք, «այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն», գեղեցիկ խոսք չէր: Անկախ՝ այդպես է, թե չէ, Սերժ Սարգսյանը պարտավոր էր ասել. «Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է», որ հետո ասեր. «Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով: Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում, և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ»: Իրականում ոչ թե գետ-առվակը, հենց այս խոսքերն էին ուղղված Հովիկ Աբրահամյանին ու բոլորին, ովքեր ՀՀԿ-ում եռուզեռի մեջ են ցուցակվելու համար ու զգուշացվում են՝ ոտատակ մի ընկեք: Իսկ ի՞նչ անեն: Ո՞րն է նրանց մեղքը: Եղե՞լ է, կա՞ հրապարակային չափանիշ, որով կազմվում է ընտրացուցակը: Ոչ միայն ՀՀԿ-ում: Ինչո՞ւ են ընտրությունները վերածվել ընտրացուցակներում տեղի փնտրտուքի, որի հիման վրա ստեղծվում կամ չեն կայանում դաշինքները: ՀՀԿ-ում ցուցակը կազմում է նախագահը, ու ո՞վ գիտի՝ ինչպես է նա «իր տեսանկյունից գնահատելու»:

Ինչպե՞ս են իրենց տեսանկյունից մյուս կուսակցապետերը գնահատում՝ ֆինանսակա՞ն, քաղաքակա՞ն, բարոյակա՞ն, տարիքայի՞ն, անձնայի՞ն, կրթակա՞ն, սուբյեկտի՞վ. ո՞ր կապիտալին է գերակայություն տրվելու: Քանի դեռ այս հարցը չունի կանոնիկ պատասխան, իշխող կուսակցությունը մնալու է կարիերայի ցատկահարթակ, աշխատանքի տեղավորման գրասենյակ, անձեռնմխելիության լծակ տվող, մյուս կուսակցությունները՝ ինքնահաստատման դեգերումների մեջ: Ապացույց՝ «Ժառանգությունը», ներքին բանավեճերը՝ հստակ կողմնորոշում չունենալը՝ թե Գագիկ Ծառուկյանի անհայտ դաշինքի, թե երեք կուսակցությունների, թե «ԵԼՔ» դաշինքի հետ համաժամանակյա բանակցությունները վկայում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կողմնորոշվում՝ դեպի փո՞ղը գնալ, թե՞ գաղափարը, որտեղի՞ց ավելի շատ մանդատ կստանա, որտե՞ղ են շանսերն առավել: Դա ողբերգություն է, և միայն «Ժառանգության» ողբերգությունը չէ, որ գաղափարներն ու տեսակետները զոհաբերվում են կոնյունկտուրալ շահին:

Կոնյունկտուրային շահը նաև միավորում է՝ Գագիկ Ծառուկյան դաշինքի ձևավորման պարագայում հաստատ: Ցաքուցրիվ, վաղուց դեմք ու ասելիք կորցրած կամ դեռ չգտած ուժերն ու գործիչները ԲՀԿ-ի հովանու տակ որոնում են փող ու մանդատ, նրանց չի հուզում, թե ինչ տեսակետ է դաշինքն ունենալու արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ: Ծառուկյանը կասի, իրենք կիմանան: ՈՒ ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի միջև: Որ ՀՀԿ նախագահը դաշինքների կազմավորման գործընթացը համարում է «առողջ և ողջունելի՞», «քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացո՞ւմ», կարծում է, որ «ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դա՞շտ» է ստեղծվում: Բնավ: Սոսկ ընտրություններից առաջ քաղաքական արևի տակ տեղ են փնտրում: Զարմանալի չէ՞, որ «դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին» դրական վերաբերմունքով՝ նա չի ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը: Ինչո՞ւ, եթե Գագիկ Ծառուկյանը կոնսոլիդացիոն նպատակ ունի: Որովհետև չէ՞ր կարող ասել՝ ողջունո՞ւմ եմ՝ անմիջապես Գագիկ Ծառուկյանին կհամարեին քաղաքական դաշտ նախագահականից գործուղվա՞ծ:

Փաստորեն՝ խո՞սքը, ոչ թե գո՞րծն է որոշիչը: Եթե խոսքը լսենք, շիլաշփոթը լիակատար է՝ Ծառուկյանը լուռ է, Օսկանյանը շատախոսում է, Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը, ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը Սեյրան Օհանյանի գործողությունները համարում է վտանգավոր. «Ցանկացած մարդ, մանավանդ, ուժային կառույցի ղեկավարը, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու, որ հետո ասի՝ ես ընդդիմություն եմ: Դա շատ ամոթ է, ծիծաղելի է: Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը գլուխ չի դնի»: «Թող հետադարձ հայացք ձգեն, տեսնեն՝ երբ պաշտոն են զբաղեցրել, ինչով են զբաղվել, իրենց կերակրատաշտը որն է եղել, թող րոպե առաջ ժողովրդից ներողություն խնդրեն»: Իսկ Սեյրան Օհանյանը օրը մի հռետորական հայտարարություն է անում: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում. «Մենք գնում են «հանուն»-ի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր երկրի զարգացման, այդ զարգացման հիմքում պետք է լինի բոլոր հնարավորությունների ստեղծումը, որպեսզի անվտանգության հարցերը բարձր հիմքերի վրա դրված լինեն»:

Նույնիսկ իբրև բառակույտ տրամաբանություն չկա՝ երկրի զարգացման հիմքում բոլոր հնարավորությունները որո՞նք են, ի՞նչ կապ ունեն անվտանգության հարցերը բարձր հիմքերի հետ: «Բարձր հիմքը» ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ «բարձր հիմքերը» չեն ստեղծվել իր պաշտոնավարման տարիներին, ինչպե՞ս է, որ ոչնչի հետ կապ չի ունեցել, բայց պաշտպանության նախարար է եղել: Կերակրատաշտից կտրվելով՝ ընդդիմադիր է դարձել: Ընտրություններից հետո պաշտոնազրկվածների ու մերժվածների հերթական խմբաքանակը կստանա ընդդիմադիր դաշտը: Որքանո՞վ են նրանք ընդդիմադիր՝ ինչի՞ն, ինչո՞ւ, ինչպե՞ս: Ե՞րբ ենք տարբերակելու իրավիճակային ընդդիմությունը իրականից: Փաստացի՝ պաշտոն կորցնելը դարձել է քաղաքական կողմնորոշման հիմք ու ստեղծում է պատեհապաշտական քաղաքականություն, որի միակ նպատակը իշխանական լծակները վերադարձնելն է՝ միջոց դարձնելով ընտրությունները: Կստացվի՝ կստացվի, չի՞ ստացվի՝ ընդդիմադիր են ու ասպարեզը կլցնեն «ընդդիմադիր» նվնվոցով, որի հիմքում չկան ծրագիր ու գաղափար: Ամբողջ գաղափարը՝ «Ես ամենալավն եմ, ընտրեք ինձ ու ես ձեզ կփրկեմ», ամբողջ ծրագիրը՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»: ՈՒ՝ ի՞նչ: Հոգևոր ու գաղափարական այս միտակության մեջ մեզ խցկել փորձողները նաև ագրեսիվ են, որովհետև բոլորս, որ փորձում ենք հաղթահարել այդ միտակությունը, թշնամի ենք դառնում ապահով ու գաղջ մթնոլորտին: Ընտրությունը այսօր անձերի մեջ չէ, տարբեր հարթությունների մեջ է, տարբեր որակների:

Քաղաքակրթության մեջ է՝ դուրս կգա՞նք ինքնաբավ համակարգից, որ ինքն է ստեղծում թե իր իշխանությունը, թե իր ընդդիմությունը, թե նրանց փոխհարաբերության կարգավորման մեխանիզմները: Կստեղծե՞նք իրական իշխանություն ու իրական ընդդիմություն, որ խնամի-ծանոթ-բարեկամական կապերով չեն գործում, որոնց իդեալն ու խաչը փողն ու լծակները չեն: Սա է խնդիրը: Մնացածը ինքնախաբեություն է: Անձի ու հանրության մակարդակով: Մնացածը խորհրդարանում կոալիցիոն մեծամասնություն ձևավորելու խաղն է, որի ընդհանուր հայտարարը շահն է, իսկ օգտակար գործողության գործակիցը պետականության տեսակետից զրո է: Ավելին՝ խլում է ամենամեծ արժեքը՝ ժամանակը, որ հնարավոր չէ վերականգնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ի՞նչ եղան ջրերն ու դաշինքները: Մայր գետի ու առվակի համեմատությունը Հովիկ Աբրահամյանին իրականում դուր չեկավ, ու նա ապավինեց մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևելուն՝ ընդունելով, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնամոռաց առվակների միավորում, բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը մխտռում են ողջ մայր հունը: Ի՞նչն է սխալ: Հովիկ Աբրահամյանը ճիշտ պահին չհասկացավ, որ դադարելով վարչապետ լինել՝ այլևս ինքը, ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանն է «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջուր»: ՈՒ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ, քաղաքական հանձնաժողովի նախագահ՝ ՀՀԿ-ում երկրորդը Սերժ Սարգսյանից հետո: 300 միլիոն դոլարն ասաց իր խոսքը: Այդքան չունե՞ր Հովիկ Աբրահամյանը: ՈՒներ, բայց տարածը տալ չցանկացավ կամ չկարողացավ: «Մայր հողին» կառչածների դաշինք ձևավորելու նրա սպառնալիքը մխիթարական միֆ է՝ ջրի բերածը ջուրն էլ տանում է: Հողը հիշում են, երբ ոտքի տակի հողը գնում է: Հողը վրեժխնդիր լինել գիտի: Ոչ մի դաշինք Հովիկ Աբրահամյանին իշխանության չի վերադարձնի: Թե Սեյրան Օհանյանի, թե Վիկտոր Դալլաքյանի, թե Վարդան Օսկանյանի, թե Գագիկ Ծառուկյանի դաշինքները մի նպատակ ունեն՝ չկորցնել ոտքի տակի հողը, որ սկսել է այրվել: Հայրենասիրությունը և հայրենիքի զգացողությունը նրանց պարագայում հարբուխ է՝ քաղաքական մրսածության հետևանք:

Հարբուխը կանցնի՝ կմոռանան, որ հանուն Հայաստանի Հանրապետության ու հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի են ապրում ու կշարունակեն սովորական կյանքը՝ ապրուստի խնդիր չունենալով: Մի քանի օրով կհետաձգվեն, թե ոչ ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունները, նրանք այդ ընտրությունների հետ կապ չունեն իրականում: Նրանք լուծում են անձնական հարցեր՝ շահարկելով հանրային շահը: ՈՒ իրենք էլ դա գիտեն, բայց օգտվում են ընտրություններից՝ ինչպես երկնքից թափված մանանայից:
ՀՀԿ-ն կորցրեց Հովիկ Աբրահամյանին ու գտավ Կարեն Կարապետյանին: Ի՞նչ գտավ Սերժ Սարգսյանը: Նոր դիմակայություն: Բայց՝ փոխված պայմաններով:
Ժամանակ՝ մինչև 2018-ի ապրիլ, երբ կավարտվի նախագահական ժամկետը: Նույնը ստացավ Կարեն Կարապետյանը՝ փոխված պայմաններով դիմակայություն ու ժամանակ՝ մինչև 2018-ը: Հետոն հետո կերևա: Ռուսաստանաբնակ հայ բիզնեսը նրան կջանա պահել վարչապետ՝ իր ներդրումները վտանգի տակ չդնելու համար նաև: Սերժ Սարգսյանն արեց իր կարևոր քայլը՝ նա Բանակի օրվա ուղերձում հայտարարեց, որ ապրիլյան «իրադարձությունները ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին»: Խաղը շարունակելու նրա տարբերակը Արցախի հարցի լուծումն է մնում: Պահեստում կա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ վարչապետի թեկնածու: Ռեալ գետերն ու տանդեմները դեռ անտեսանելի են: Նրանք հոսում են իրենց ճանապարհով և ունեն հողի երես դուրս գալու իրենց ժամանակը: Մնում է հասկանալ մուտքի ու ելքի տարբերությունը, նպատակը և հետևանքը, գնահատել մայր հողի ու հոսող ջրի արժեքը: Մեկ էլ հոգում երկինք ունենալ: Խնդրում եմ՝ հեքիաթի հետ չխառնեք՝ real politik-ի պատրանքները սպանիչ են:

Դիտվել է՝ 1886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ